Իրազեկվածության բարձրացմանը ուղղված դասընթաց Վանաձորում

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրի համակարգող Սոնա Հովակիմյանը «Գենդերային տեսանկյունից Հայաստանի միջնակարգ դպրոցներում ուսուցիչների որակավորման բարձրացման և մարզային երիտասարդ կանանց և աղջիկների կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում մայիսի 3 և 4-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում իրականացրեց երկօրյա դասընթաց «Կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության և ընտանեկան բռնություն» թեմայով: Դասընթացին մասնակցում էին թվով 23 երիտասարդ կանայք և աղջիկներ տվյալ համայնքից:

Դասընթացի ժամանակ քննարկվեցին հետևյալ թեմաները՝

  • Ինչ է բռնությունը, ընտանեկան բռնության առանձնահատկությունները,
  • Բռնության տեսակները, ընտանեկան բռնության ցիկլը, բռնության հաղթահարման եղանակները
  • Գենդեր և սեռ հասկացություններ, գենդերային հավասարություն ու կարծրատիպեր, գենդերային խտրականություն և գենդերային հիմքով բռնությանը վերաբերող թեմաներ

Դասընթացն իրականացվեց բացառապես ինտերակտիվ եղանակով` գնահատելով և հաշվի առնելով մասնակիցների կարծիքներն ու մտքերը: Ցուցադրվեցին կարճամետրաժ ֆիլմեր, քննարկվեցին վիճակագրական տվյալներ, ՄԱԿ-ի հայկական գրասենյակի կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները և այլն:
Հատկանշական է, որ բոլոր մասնակիցները շատ կարևորեցին նմանատիպ հանդիպումները, քանի որ ինչպես նշվեց մասնակիցների կողմից կանայք ո՛չ ընտանիքում և ո՛չ էլ այլ տեղ չեն իրազեկվում այսպիսի կարևոր թեմաների մասին:
Մասնակիցների առաջարկներում հիմնականում շեշտադրվում էր նման թեմաներով դասընթացների շարունակականության ապահովումը: Հնչեցին առաջարկներ ունենալ հանդիպումներ բռնություն ենթարկված կանանց հետ ևս:
    Հետադարձ հայցք նետելով և ամփոփելով դասընթացի արդյունավետությունը գնահատող նախադասընթացային և հետդասընթացային հարցաթերթիկները՝ կարող ենք նշել, որ մասնակիցների ճնշող մեծամասնությունը ունեին կարծրատիպային մոտեցում և իրազեկվածության ցածր աստճան վերը նշված թեմաների վերաբերյալ: Մասնակիցների մոտ ցածր իրազեկվածության աստճանը ևս մեկ անգամ փաստում է այն, որ թե՛ մեր կրթական համակարգում, և թե՛ ընդհանուր հասրակությունում մենք ունենք մեծ բաց, որը  լրացման կարիք ունի:
Գնահատելով, թե ինչպես են մասնակիցները տարբերակում դնում կանացի և տղամարդկային որակների, կարողությունների և առանձնահատկությունների միջև, ինչպիսի պատկերացումներ ունեն կնոջ և տղամարդու դերերի վերաբերյալ, կարող ենք նշել, որ հիմնականում բնորոշումները արտացոլում էին հասարակությունում կնոջ և տղամարդու կերպարի, դերերի և ինչպիսին լինելու մասին առկա պատկերացումները և հասարակությունում առկա գենդերային կարծրատիպերը:
Օրինակ, տղամարդուն հատուկ որակներ հիմնականում նշվել են հետևյալ հատկանիշները՝ ուժեղ, պատասխանատու, խելացի, ինքնավստահ, խոսքի տեր, բանիմաց, շփվող, կամքի ուժ ունեցող, վստահելի, ամրակազմ, լիդեր, ինքնավստահ և այլն: Կնոջը հատուկ որակներ՝ հոգատար, մայր, աշխատասեր, կոկիկ, մաքրասեր, հնարամիտ, սիրալիր, խնայող, հավատարիմ, ուշադիր, նրբանկատ, հուզառատ, գեղեցիկ և այլն:
Կարևոր է նաև նշել, որ չնայած մասնակիցների մոտ առկա կարծրատիպային մոտեցումներին, նրանք բոլորը շատ բաց էին քննարկումնների և իրենց իսկ կարծրատիպերի վերանայման համար: Մասնակիցներից ոմանք նշեցին, որ մինչ այս չէին էլ գիտակցել, որ հանդիսանում են կարծրատիպային մոտեցումների կրող՝ ևս մեկ անգամ կարևորելով նման թեմաներով քննարկումների կազմակերպումը:
Կարևոր է նշել, որ մասնակիցների մոտ առկա էր այն գիտակցությունը, որ հենց իրենք են հանդիսանում կարծրատիպերի տարածողը և/կամ դրանց կոտրողը և որ ամենակարևորն է փոփոխությունը սկսվում է իրենցից, իրենք ունեն բավական ուժ ստեղծելու այն հասարակությունը, որտեղ ուզում են ապրել՝ առանց խտրականության, ատալության, հավասար հնարավորություններով և իրավունքներով:
 

Սոնա Հովակիմյան

ՀԱԲ ծրագրի համակարգող

Search

Follow us (AM)

Coming Events (AM)

No events found

© 2001-2016 Society Without Violence. All Rights Reserved.