Մայիսի 28-29-ը «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի կողմից Դիլիջանում տեղի ունեցավ հերթական վերապատրաստման դասընթացը նախատեսված հասարակագիտություն առարկայի ուսուցիչների համար «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության և ընտանեկան բռնության» թեմայով: Թիրախային մարզն այս անգամ ևս Լոռին էր: Մասնակիցները Գուգարք, Սպիտակ, Ալավերդի քաղաքների, ինչպես նաև մի շարք շրջակա գյուղերի դպրոցների ուսուցիչներ էին:
Չնայած նրան, որ նախորդ դասընթացի մասնակիցները ևս Լոռու մարզից էին, այս անգամ մասնակիցների տեսակետը «Կին և տղամարդ՝ տարբեր, բայց հավասար» դասընթացի անցկացման մասին էապես տարբերվում էր նախորորդ խմբի տեսակետից: Մասնակիցները պահպանողական և կարծրատիպային կարծիքներ էին հայտնում ոչ միայն գենդերային հավասարության թեմայով, այլև կարծում էին, որ գենդերային ուսուցման դասաժամի կարիք մեր դպրոցներն ամենևին չունեն:
Այս տեսակետը նրանց կողմից բացատրվում էր մի շարք գործոններով. նախևառաջ նրանք կարծում էին, որ հասարակությունում չկա կանանց իրավահավասարությանն առնչվող ընգծված խնդիր, իսկ հասարակագիտության առարկայի շրջանակներում աշակերտներն անցնում են թե՛ կանանց և թե՛ առհասարակ մարդու իրավունքների թեման, ուստի կարիք չկա արհեստականորեն անջատելու կանանց իրավունքները՝ ապացուցելով, որ իբր կանայք չունեն իրավունքներ: Այսպիսով, կանանց իրավունքները չբարձրացնելու պատճառներից մեկն այն է, որ նրանք չեն ուզում, որ աղջիկներն, այսպես ասած, «մեծամտանան և սկսեն կիրառել իրենց հավասար իրավունքերը, ինչպես տղամարդիկ»:
Որպես համեմատություն, նրանք բերեցին թմրամոլության օրինակը, ասելով, որ թեման չեն քննարկել դպրոցներում, որովհետև իրենց համայնքում չկա այդ խնդիրը, և հարցը բարձրացնելով հնարավոր է՝ հետաքրքրություն առաջացնեն թմրանյութերի հանդեպ:
Այսպիսով, սեփական իրավունքների գիտակցումը մասնակիցների կողմից դիտվում է, որպես թմրամոլությանը համարժեք գործողություն, որի դրսևորումը պետք է կանխել:
Բացի դա, ուսուցիչները կարծում են, որ իրենք այդքան էլ կոմպետենտ չեն այս նախագծի համար, և պետությունն ինքը պետք է որոշի դասընթացի ներմուծման անհրաժեշտությունը: Սակայն նույնիսկ այդ դեպքում իրենք չեն ցանկանա հանձն առնել առարկայի դասավանդումը, քանզի կարծում են, որ եթե ուսուցիչը չի հանդիսանում գենդերային հավասարության գաղափարի կրողը, նա չի կարողանա սերմանել այդ գաղափարն աշակերտի մեջ: Նրանք կարծում են, որ գենդերային հավասարությունը պետք է ժամանակի ընթացքում ձևավավորվի, և որ որոշ կազմակերպություններ արհեստականորեն փորձում են ժամանակն առաջ տալ և փոփոխություններ անել, ինչը ոչ մի լավ հետևանքի չի բերի: Մասնակիցների բացասական տրամադրվածությունը կապվում է նաև հասարակական կազմակերպությունների գործունեության հանդեպ թերահավատությամբ, քանզի փոխարենը կանանց իրավունքները դիտարկելու որպես անձեռնմխելի արժեք, նրանք դրան վերաբերվում են որպես «ավելորդ գրանտի»:
Դասընթացի տեխնիկական կազմակերպման առումով ուսուցիչները հայտնեցին, որ դասաժամերն առանց այդ էլ ծանրաբեռնված են և խտացված, իսկ լրացուցիչ դասաժամը պետք է որևէ այլ դասի հաշվին արվի, ինչն անընդունելի է: Նշելով, որ 9-րդ դասարանի հասարակագիտություն առարկայի դասագրքի 8-ից 11 պարագրաֆները հենց այս թեմայի մասին են, ուսուցիչներն առաջարկում են պարագրաֆներում լրացումներ կատարել, այլ ոչ թե ներկայացնել թեման առանձին թեմայի տեսքով:
Ավելի՛ն, նրանք կարծում էին, որ առարկայի ներմուծումը կարող է խաթարել Հայաստանում պահպանված ընտանիքի ավանդակարգը:
Այս անգամ մասնակիցները ևս անդրադարձան հայի և հատկապես հայ կնոջ կերպարին: Ըստ նրանց կինը պետք է լինի հեզ, խոնարհ, հնազանդ, համեստ, բարոյական, խելացի, զուսպ, դաստիարակված, քնքուշ, գեղզեցիկ, բարի, հավասարակշռված, լավ մայր, լավ կին, ավանդապահ, հմայիչ, ցանկալի և ամենակրևորը՝ կանացի: Մասնակիցներն իրենք էլ չէին նկատում իրենց խոսքում առկա սեքսիզմը, և որ ամենացավալին է, կանայք նույնպես ընդունում էին իրենց վերագրված հատկանիշները՝ որպես կին լինելու պարտադիր նախապայմաններ: Այնուամենայնիվ, մասնակիցները կարիք ունեին համոզվելու, որ արական սեռին անվերապահորեն հպատակվելը ոչ թե լավ կին լինելու չափանիշ է, այլ պարզապես կնոջ իրավունքների կոպիտ ոտնահարում:
Հատկանշական է, որ մինչ դասընթացը մասնակիցները չգիտեին գենդեր և սեռ տերմինների տարբերությունը, սակայն դասընթացի ավարտին նրանք գենդերային դերերի ակտիվ օրինակներ էին բերում՝ գիտակցելով, որ կենսաբանական սեռը չի կարող պայմանավորել մարդու հետագա ողջ կյանքի վարքագիծը, և որ այդ դերերը պետք է սահմանվեն ոչ թե հասարակության կողմից, այլ արտահայտվեն անհատի ազատ կամքի դրսևորման արդյունքում:
Հուսով ենք, որ ստացած գիտելիքները մասնակիցները կհաղորդեն աշակերտներին գենդերային ֆորմալ կրթության տեսքով, ինչը նոր սերնդին կդաստիարակի որպես առողջ մտածելակերպի կրողների՝ զերծ անհիմն կարծրատիպերից:
Նվարդ Մինասյան
ՀԱԲ ծրագրի համակարգող