Ներկայացնում ենք որոշ հատվածներ «Գենդերը հայ մշակույթում» դասընթացի մոդուլից Հասմիկ Գևորգյանի (ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, գենդերային ուսումնասիրությունների փորձգետ) հեղինակությամբ։ Նյութը մշակվել է Հասարակություն առանց բռնության ՀԿ-ն կողմից իրականցվող Հայաստանում հասանելի և կայուն գենդերային կրթության հաստատում ծրագրի շրջանակներում «Քվիննա թիլ Քվիննա» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Անտիկ թատրոնում բոլոր դերերը (այդ թվում կնոջ դերը) խաղում էին բացառապես տղամարդիկ։ Դիտարկելով կնոջ մասնակցությունը արվեստում` նշենք, որ մինչ քրիստոնեությունը` մ.թ.ա. II դարում, Հայաստանում գուսանական թատերախմբերի հետ հանդես են եկել և դերասանուհիներ: Նրանցից ամենահայտնին Նազենիկն էր: Աղբյուրները հավաստում են, որ նա «շատ գեղեցիկ էր և խոսում էր ձեռքերով», այսինքն` տիրապետում էր մնջախաղի արվեստին: Մ.թ.ա I դարում Արտաշատի թատրոնում նույնպես խաղում էին դերասանուհիներ: Բակուր թագավորի օրերից պահպանվել է թատերական դրվագով գավաթ` դերասանուհու պատկերով:[1] Այդ ժամանակների համար կնոջ առկայությունը թատրոնում բավական առաջադեմ երևույթ էր, քանի որ այդ դարաշրջանում բազմաթիվ եվրոպական թատրոններում, ինչպես արդեն նշվել էր, կնոջ դերակատարումը իրականացնում էր տղամարդը: