Հասմիկ Ափինյանն անելանելի իրավիճակում է իր ամուսնու խարդախության պատճառով

47-ամյա Հասմիկ Ափինյանը դարձել է իր ամուսնու խարդախության զոհը. 44-ամյա Սամվել Արմենակյանը համոզել է Հասմիկին գրավ դնել իրեն և իր ընտանիքին պատկանող բնակարանը և երաշխավոր է դարձրել նրա հարազատներին: Առաջին մի քանի ամիսների վճարումներից հետո Սամվելն այլևս դադարել է բանկային համապատասխան վճարումներ կատարել: Դրան զուգահեռ նրա վերաբերմունքը վատացել է, սկսել է սպառնալ Հասմիկին և նրա ընտանիքի անդամներին, վնասել նրանց էլէկտրաշոկով և մշտապես պահել ահի ու սարսափի մթնոլորտում: Այս կապակցությամբ Հասմիկը դիմել է ոստիկանություն, դատախազություն և այլ իրավական մարմիններ, որից հետո միայն հարուցվել է քրեական գործ, սակայն դրանից հետո նույնիսկ սպառնալիքները չեն դադարել:

Այժմ Սամվելը հետախուզության մեջ է գտնվում, բայց շարունակում է զանգահարել Հասմիկին և հաղորդագրություններ թողնել նրան:

Միևնույն ժամանակ Հասմիկ Ափինյանը դիմում է ներկայացրել ոստիկանություն Սամվել Արմենակյանի կողմից խարդախության կատարման վերաբերյալ: Սակայն քրեական գործ չի հարուցվել, հիմնավորմամբ` հանցակազմի բացակայություն:  Ոստիկանության այս որոշումը Հասմիկը բողոքարկել էր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այնուամենայնիվ, դատարանը սույն թվականի մարտի 20-ին մերժեց բողոքը:

Այժմ Սամվելի խարդավանքների զոհ դարձած Հասմիկը և նրա ընտանիքի անդամները հայտնվել են անելանելի իրավիճակում: Թվում է, թե տեղի է ունեցել կատարյալ հանցագործություն, չկան իրավական և փաստական հիմքեր իրական իրավախախտին պատժելու համար:

Այնուամենայնիվ, եթե իրավապահ մարմինները հետազոտեին բոլոր հնարավոր վարկածները, կատարեին դեպքի ամբողջական ուսումնասիրություն, գուցե ի հայտ գային այնպիսի փաստեր, որոնք կօգնեին Հասմիկին ետ վերադարձնել իրեն պատկանող բնակարանը: Մինչդեռ հետաքննության փուլում հետաքննիչը մերժել է գործի հարուցումը, նա որոշման մեջ պատճառաբանել է, որ Սամվել Արմենակյանից, ում դեմ հաղորդում է տրվել, չեն կարողացել բացատրություն վերցնել, միաժամանակ որոշման մեջ նշվել է, որ անհրաժեշտություն էր առաջացել նրանից բացատրություն վերցնելու: Հասմիկ Ափինյանն անձամբ ներկայացրել է փաստական ապացույցներ, որոնք անտեսվել են իրավապահ մարմինների կողմից:  
Հասարակություն առանց բռնության հասարակական կազմակերպության Արագ Արձագանքման Խումբը հետևողական է Հասմիկ Ափինյանի գործի ընթացքին:


Մերի Բաղդասարյան
Արագ Արձագանքման Խումբ

Search

Follow us (AM)

Coming Events (AM)

No events found

© 2001-2016 Society Without Violence. All Rights Reserved.