35-ամյա Դիանա Նահապետյանին 21 դանակի հարվածով դաժանաբար սպանած Վոլոդյա Մուրադյանը երեկ դատապարտվեց ընդամենը 3,6 տարվա ազատազրկման, ընդ որում՝ 3 տարվա կալանքն արդեն կրել է եւ 6 ամսից ազատ կլինի:
Դատավճիռը, Դիանայի հարազատների կարծիքով, մեղմ էր եւ նույնիսկ կանխատեսելի:
Այն բանից հետո, երբ դատահոգեբանական եզրակացություն տրվեց, որ մարդասպանը հանցանքը կատարել է կոմուլյատիվ աֆեկտի վիճակում, դատախազի մեղադրանքն էլ փոփոխվեց, ավելի մեղմվեց: Նախկինում դատախազը դատարանին միջնորդել էր Մուրադյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 5-րդ մասով («առանձնակի դաժանությամբ սպանություն»): Այս հոդվածը դատահոգեբանական 2 փորձաքննությունների եզրակացության հիման վրա փոփոխվել էր եւ դարձել Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախատեսված է ազատազրկում առավելագույնը 5 տարի ժամկետով: