«Խիզախ կին». ընտանեկան բռնությանը դիմակայելու Գավառի բնակչուհու դիրքորոշումը գնահատանքի է արժանանում

Ինը տարի ամուսնու կողմից բռնության և խոշտանգումների ենթարկված երկու երեխաների մայր Հասմիկ Խաչատրյանի կյանքը փոխվեց այն պահից սկսած, երբ երկու տարի առաջ իր մեջ ուժ գտավ գիշերով փախչել ամուսնու տնից՝ սեփական կյանքը փրկելու և իր իրավունքներին տեր կանգնելու համար:
Այսօր արդեն բազմաթիվ փորձությունների, դատական գործընթացների ու դժվարությունների միջով անցած Հասմիկը, հիշելով իր նախկին կյանքը, անկեղծանում է:
«Շատ լավ հասկանում էի, որ էդ ապրել չէր, բայց մեկ է՝ ելք չէի գտնում: Ամեն անգամ երբ մտածում էի ընտանիքի մասին ու նայում էի իմ ունեցած ընտանիքին, ինքս ինձ ասում էի` ես էլի նվիրված լինեմ, համբերատար, բայց ինձ գոնե էսքան չստորացնեն ու չնվաստացնեն, բայց ելք չկար, մինչև էդ չարաբաստիկ գիշերը»,- ասում է կինը, որն անցյալ շաբաթ իր դիրքորոշման համար հեղինակավոր մրցանակ է ստացել:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 1,5 տարվա ազատազրկման դատապարտեց և համաներմամբ ազատ արձակեց Հասմիկ Խաչատրյանին խոշտանգելու մեջ մեղադրվող Սարգիս Հակոբյանին, սակայն կնոջը ծեծած ու խոշտանգած ամուսինն այդպես էլ որևէ օր չազատազրկվեց: Դատարանը ներկայացված մեղադրանքի խոշտանգման՝ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածը վերաորակեց 117-րդի` դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը: Մինչդեռ դատական փորձաքննությունն ապացուցել էր և գործում առկա էր, որ Սարգիս Հակոբյանը ծխախոտով այրել է Հասմիկի ձեռքը, պատռել ականջի թմբկաթաղանթը, կոտրել քիթը, տարբեր իրերով, ձեռքերով ու ոտքերով պարբերաբար հարվածներ հասցրել գլխին, ինչի հետևանքով կինը հերթական ծեծից մազապուրծ փախել էր տնից՝ ողջ գիշեր թաքնվելով գյուղի գետի մեջ:


«Ուզում էի փախնել, ավելի էր գազազում, խփում էր ոտքերիս, որ չոքեմ ու չկարողանամ փախնել: Տեսա` բահով է ուզում հարվածել, չգիտեմ` ի՞նչ ուժ էր, կարողացա վազել ու դարպասից դուրս գալ: Թե ոնց էի վազում` հիմա զարմանում եմ:
Ամբողջ գիշեր թաքնվեցի գյուղի գետի մեջ՝ կանաչների ու ջրի մեջ, վախենում էի, որ ինձ կբռնի: Այդ վերջին տարիները անտանելի էին, կարծես հասկանում էր, որ էլ չեմ կարողանում դիմանալ, ասում էր. «Բաժանվես՝ էրեխեքին չես տենա, որ խփեմ մեռնես էլ, մեկ ա` թոկը կապելու եմ վիզդ, ասեմ` հոգեկան էր, իրան կախեց»,-պատմում է Հասմիկը:
Արդեն առավոտյան Հասմիկին գտնում է մայրը:


«Որ չտեսա Հասմիկին հողաթափով, մեկն էլ ջուրն էր տարել, թրջված, ծեծված, ականջից արյուն էր գալիս, հիմա փառք եմ տալիս Աստծուն, որ երեխես մահից փրկվեց»,- արցունքները հազիվ զսպելով պատմում է Հասմիկի մայրը՝ Ռիմա Խաչատրյանը:
Ավելի ուշ արդեն Հասմիկին ծնողները Գավառի Բատիկյան գյուղից տեղափոխում են Երևանի հիվանդանոց, որտեղ էլ և Հասմիկին տեղեկացնում են կանանց իրավունքներով ու ընտանեկան բռնության կանխարգելմամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների մասին:


Շարունակելով պայքարը` Հասմիկն ընդգրկվում է «Ընտանեկան բռնության շղթայի կոտրում` կանանց տնտեսական հզորացման և շահերի պաշտպանության միջոցով» ծրագրի մեջ, որն ընտանեկան բռնության ենթարկված կանանց տնտեսական անկախությունն ապահովելու և նոր կյանք սկսելու հնարավորություն է ընձեռում: (Ծրագիրն իրականացնում է Մերձավոր Արևելքի հիմնադրամը` «Բիզնես պարետա» ՍՊԸ-ի և «Կանանց աջակցման կենտրոնի» հետ համատեղ՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» ֆինանսական աջակցությամբ):


Այսօր արդեն Հասմիկը ծնողների ու աղջկա հետ ապրում է Երևանում: Ստանալով հմտություններ ու ֆինանսական աջակցություն` սեփական փոքր բիզնեսն է սկսել՝ թխում է Գավառի գաթա, փախլավա ու հանձնում խանութներին:
«Իմ Գավառի շնորհն եմ բերել Երևան ու լրիվ ուրիշ մարդ եմ դառել: Երբեք չէի կարող պատկերացնել, որ դուրս կգամ այդ տնից, ու կյանքս էլ կփոխվի: Ես շարունակելու եմ պայքարել նաև տղայիս համար, որին նախկին ամուսնուս ընտանիքը չի տալիս ինձ, իսկ երբ գնում եմ դպրոց տեսակցության` ասում է. «Դու իմ մաման չես, ես քեզ Հասմիկ կասեմ»,- պատմում է Հասմիկը, ում անցյալ շաբաթ ԵՄ պատվիրակության գործերի հավատարմատար Դիրկ Լորենցը հանձնեց «Խիզախ կին» մրցանակը՝ համընդհանուր իրավունքներին նվիրված ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում:


Հասմիկը խոստովանում է, որ իր խիզախությունը սկսվեց այն պահից, երբ առաջին անգամ բարձրաձայնեց իր խնդրի մասին: «Ու դա այն ժամանակ չէր, երբ փախա տնից: Դրանից արդեն մի վեց ամիս էր անցել, բայց նույնիսկ «Կանանց աջակցության կենտրոնում» ես չէի կարողանում այդ կոմպլեքսներից դուրս գալ: Գիտեի, որ ապահով վայրում եմ, կարող եմ խոսել, պաշտպանել ինքս ինձ, բայց նորից նույն վախը, նորից քո առջև տեսնում ես բռնարարին ու նրա ընտանիքին ու էլի հետ ես նահանջում: Հիմա մի բան կարող եմ ասել՝ այս ամենի համար ժամանակ էր հարկավոր, համբերություն ու հավատ, որ կարող ես վերականգնվել: Ամենադժվարը բռնարարի ձեռքի տակ ապրելն էր»,- ասում է Հասմիկը` կոչ անելով կանանց պայքարել, պաշտպանել սեփական իրավունքներն առանց հանձնվելու:


Ոստիկանության տվյալներով՝ 2014-ին ընտանեկան բռնության հետևանքով Հայաստանում 11 կին է մահացել, իսկ 2013-ին` 3 կին` առանց մայրական խնամքի թողնելով 6 մանկահասակ երեխաներ: 2012-ին գրանցվել է ընտանեկան բռնության 766 դեպք, մահացել է 5 կին՝ թողնելով 12 մանկահասակ երեխաներ:

Աղբհուր:ArmeniaNow.com


 

Search

Follow us (AM)

Coming Events (AM)

No events found

© 2001-2016 Society Without Violence. All Rights Reserved.