Բաղրամյանում մենք տանն ենք

Photo:Hetq.amԴեպք, որի կողքով չկարողացա անտարբեր անցնել․ հայտարարեցին, թե 5 տարեկան մի տղա է կորել։ Բոլորս միասնական ու շատ արագ կարողացանք ամբոխի մեջ տարածել նորությունը, ինքնակազմակերպվել ու գտնել փոքրիկին։ Այս միջադեպը ոգևորությունն ավելի բորբոքեց ամբոխի մեջ...
Երկու շաբաթ էր, ինչ բոլորս մոռացել էինք մեր խնդիրները և ամառային զով երեկոներն անցկացնում էինք Բաղրամյան պողոտայում՝ պայքարելով լույսի թանկացման դեմ «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի հետ միասին: Կառավարությունը հերթական խիզախ քայլերով ցույց է տալիս, թե առաջիկայում էլ ինչը կթանկանա մեր փոքրիկ երկրում: Նախ, նշենք, որ վերջերս գազի սակագնի բաձրացման հետ մեկտեղ թանկացրեցին էլեկտրաէներգիան` մոտ 7 դրամով: Լույսի թանկացումը կարևոր խնդիր է, սակայն այն ավելի շուտ հետևանք է։ Քանի դեռ հանդուրժում ենք, քանի դեռ չենք պայքարում այս հետևանքի դեմ, ապա այսպես ամեն օր մեր անտարբերության պատճառով  քաղելու ենք սոցիալական անարադարության պտուղները:

Ազատության հրապարակում երեք օր տևած նստացույցից հետո էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման դեմ պայքարող ցուցարարները երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: Ոստիկանական հոծ ուժերը փակեցին նրանց ճանապարհը. ցուցարարները նստացույցը շարունակեցին Բաղրամյան պողոտայում:
  Photo:Hetq.amՄեկ շաբաթ էր՝կաթվածահար էր արվել երթևեկությունը, քաղաքացիները փակել էին քաղաքի կարևոր պողոտաներից մեկը՝ Բաղրամյանը: Հունիսի 23-ի իրադարձությունները անտարբեր չթողեցին և ոչ մեկին: Ոստիկանությունը անհամաչափ ուժ էր կիրառել քաղաքացիների նկատմամբ՝ առավոտյան ժամը 5:20 րոպե օգտագործելով ջրցան մեքենաներ՝ ֆիզիկական վնասվածքներ էր  հասցրել ցուցարարներին և օգտագործել հայհոյանքներ, այն ժամանակ, երբ ոմանք դեռ քնած էին:  Ցուցարարների շարքերում նկատվել էին քաղաքացիական հագուստով բազմաթիվ ոստիկաններ։ Դեպքից հետո ոստիկանական տեղամասերում բերման էին ենթարկվել 200-ից ավել խաղաղ ցուցարարներ։ Հետևանքները սարսափեցնող էին, ու մինչ այդ ձեռքերը ծալած նստողին էլ ակամայից բերեցին պողոտա։  
Դեպքերի նման նկարագրությունը մի տեսակ սարսափ ու վախ է արթնացնում ու ինքդ քեզ հարց ես տալիս․«Մի՞թե այս ամենի մեջ մի լուսավոր կետ անգամ չկա, որ հոգուդ անդորրություն բերի»: Կա… Այդ կետը հենց մենք ենք և մեր միասնական պայքարը:Photo:Hetq.am
Երբ առաջին օրը դուրս ես գալիս փողոց ու քայլերդ ուղղում դեպի Ազատության հրապարակ, առաջին միտքը, որ առաջանում է գլխումդ հետաքրքրությունն է՝ արդյոք  շատերն են գալու, որ պայքարեն,  թույլ չտան ոտնահարել իրենց իրավունքները: Հասնում ու հասկանում ես, որ  այո՛, շատերը, ու այդ շատերի մեջ քո ընկերները, քեզ հարազատ շատ դեմքեր, ովքեր նույնիսկ ամենալարված պահին այնքան ջերմ են ժպտում ու գրկում, որ պատրաստ ես մինչև վերջ առաջ գնալ: Նույնիսկ երբ միայնակ ես կանգնում ամբոխի մեջ ու փորձում որևէ ծանոթ դեմք գտնել,  գիտակցում ես, որ իրականում դու այլևս մենակ չես, իսկ անծանոթ դեմքերն էլ իրականում անծանոթ չեն. նրանք անծանոթ ծանոթներ են, ովքեր քեզ հետ միասին կանգնած են պողոտայում նույն նպատակի համար, ինչ դու: Մեկը ժպտում է, մյուսը ծիծաղում, երրորդը մոլորված հայացքով փնտրում է: Բոլորը միասին են, պարում են ՝ ազգային ոգի արթնացնելով,  ու նույնիսկ պարել չկարողացողն է փորձում առաջին քայլերն անել: Պարը ավարտում ես ու զգում, որ ավելի մեծ ուժով ես պատրաստ առաջ գնալու:Photo:Hetq.am
Շատերի կողմից լսել եմ արտահայտություն․«Եկել ենք ցույց անենք, թե՞ պարենք ու երգենք»։ Փորձել եմ հակառակվել՝ ասելով, որ ինչքան էլ որ երգել ու պարել ենք, արել ենք բոլորիս ավելի ոգևորելու համար՝ երբեք չմոռանալով բուն հավաքի նպատակը։ Բազմաթիվ ռոք խմբեր և երգահաններ նույնպես անմասն չմնացին պայքարից՝ փորձելով ստեղծել ավելի ակտիվ ու ոգևորող մթնոլորտ։ Պետք է նշել, որ ժամանակ առ ժամանակ տեղի էին ունենում հանրային քննարկումներ, որոնք նույնպես իրենց կարևոր դերն են խաղացել ցույցի ընթացքի կազմակերպման գործում։ Յուրաքանչյուր պահի նայում էիր շուրջդ ու հասկանում, որ միասնական ենք, միավորված: Իրար ձեռք ենք բռնում ու գոռում, պաստառներ փակցնում, իրար երգել ու պարել սովորեցնում, անծանոթի հետ ուտելիք կիսում, մրսելուց էլ իրար վերմակ փոխանցում։ Տեսնում ենք, որ նույնիսկ նա, ով երբևէ չէր մասնակցի ու չէր գա, կանգնած է մեր կողքին՝ գիտակցելով, որ յուրաքանչյուրիս դերն ահռելի է այստեղ։ Այստեղ էին բոլորը՝ անկախ տարիքից և սեռից։ Բոլորս հավասար էինք. սա մի նոր ձեռքբերում ու հարթակ էր մեր՝ երբեմն որոշ կարծրատիպերով առաջնորդվող հասարակության համար։ Աղջիկն ու տղան հավասարապես պայքարում էին՝ մեկը մյուսին չզիջելով պատրաստակամ կագնած էին առաջին գծում: Ոչ ոք անգամ չէր էլ մտածում, որ սա աղջկա տեղը չէ, և որ լավ կլիներ՝ աղջիկները տանը մնային: Ընդհակառակը,շատերի կողմից լսեցինք, որ մեր խիզախ աղջիկներն ավելի են ոգևորում ու  պայքարելու ուժ տալիս։
Photo:Hetq.amԲաղրամյանում շատ կարծրատիպեր կոտրվեցին:
 Րոպե առ րոպե  ավելի էինք շատանում, ու հասկանում էի, որ հպարտ եմ՝ նախ և առաջ, որ հայ եմ, և որ դարերից եկած մեր հզորությունն ու ուժը չի կորել․ այն այստեղ է, իմ և քո սրտի մեջ, և պահ է փնտրում դուրս ժայթքելու։ Հավաքվել էին բոլորը՝ աղջիկ, տղա, մեծ, փոքր ու բոլորի աչքերում նույն հուրն էր։
 Ու էսպես ամեն օր կանգնում էինք մինչև վերջին րոպեն, այնքան, որքան կարողանայինք։ Երբ հեռանում էի պողոտայից վախը սրտումս էր․ մտածում էի անխտիր բոլորի մասին, ուզում էի որ ժողովուրդս լավ լինի, արտակարգ իրավիճակ հանկարծ չստեղծվի, ուզում էի, որ պողոտայում լուսացնող ընկերներիս ու անծանոթ ծանոթներիս գլխից «մի մազ անգամ չպակասի»։ Տուն հասնելուն պես միացնում էի համակարգիչս ու արդեն համացանցով փորձում հասկանալ, թե ինչ իրավիճակ էր տիրում․ մարդիկ քնում ու լուսացնում էին Բաղրամյանում, մաքրում աղբից, միմյանց ուտելիք ու ջուր բաժանում ու էլի առանց որևէ խտրականության։
Առավոտյան արթնանալուն պես առաջին բանը, որ մտքիս գալիս էր շուտ Բաղրամյան հասնելն էր ու կրկին այդ ամենի մի մասնիկը դառնալը։ Յուրաքանչյուր օր սկսվում էր յուրովի բայց ավարտը պլանավորված էր․ պետք էր գնալ Բաղրամյան պողոտա՝ էներգիա փոխանցելու ու ստանալու, քեզ ակտիվ ու պիտանի, իրավագիտակից քաղաքացի զգալու  երկրիդ համար։
Կամավորական աշխատանք կատարելով և գրեթե բոլոր բնագավառներում փորձելով ակտիվություն ցուցաբերել՝ նույնիսկ չէի էլ կարող պատկերացնել, որ ունենք այնպիսի երիտասարդություն, ով կարող է նման աստիճանի գործուն լինել և պատրաստ դեմ գնալու յուրաքանչյուրին, ով կոտնահարի իր և իր հարազատի իրավունքները, չի վախենա ծեծվելուց, ջրվելուց ու բերման ենթարկվելուց։
Չնայած որ  ինձ չի հաջողվել պողոտայում լուսացնել, ու այդպիսով պայքարել լիարժեք, շատ եմ նախանձում այն ակտիվ ցուցարարներին, ովքեր երկար ժամանակ հիշելու են Բաղրամյանի՝ միևնույն է թաց մնացած ասֆալտը և մարտական, բայց շատ ջերմ ու քնաթաթախ մթնոլորտը։Photoe: SWV archive
«Հասարակություն առանց բռնության» (SWV) հասարակական կազմակերպությունը դեմ լինելով մարդկանց իրավունքների ոտնահարմանն ու բռնությանը, յուրաքանչյուր օր նույնպես ունեցել է իր ակտիվ մասնակցությունը, և փորձել է լինել բոլորի կողքին։ Մի քանի ամիս է, ինչ կամավորում եմ այստեղ, բայց հասցրել եմ ծանոթանալ այնպիսի երիտասարդ ակտիվիստների հետ, ովքեր գաղափարակից են ինձ, մեծ էնտուզիազմով եմ մոտենում հարցին և միշտ պատրաստ են գործուն լինել՝ սկսած ղեկավարող անձնակազմից և վերջացրած ինձ նման կամավորներից։ Նույնիսկ ամենակարևոր քննարկման ենթակա հավաքներն ու ժողովները երբեմն տեղափոխվել են Բաղրամյան պողոտա՝ համատեղելով աշխատանքն ու ցույցը, այդպիսով նաև օրինակ ծառայելով մյուսներին։ Միասին պայքարն ավելի իրական է թվում, հաղթանակն էլ ավելի մոտ։
 Մենք գիտակցում էինք, որ յուրաքանչյուր անհատի պարտքն էր գտնվել պողոտայում  և ունենալ իր փոքրիկ, բայց շատ կարևոր ներդրումը։ Ի վերջո խնդիրը բոլորինս է, և ենթակա է մասսայական քննարկման ու լուծման։ Մենք մեծ հույս ունենք, որ բոլորիս ջանքերը  չեն ջրվելու, հաղթելու ենք՝  սեփական ձեռքերով կառուցելով մեր պետությունը․ չէ՞ որ մենք ենք  մեր փոքր, բայց պայքարող երկրի կերտողն ու ապագան։ ։)



 Իննա Դևկանց
ՀԱԲ  կամավոր

Search

Follow us (AM)

Coming Events (AM)

No events found

© 2001-2016 Society Without Violence. All Rights Reserved.