Զարուհի Պետրոսյանի դատավարության հետքերով

“Հասկանում ես, վախենում եմ: Հոգեբանորեն սթրես է իմ համար ամեն անգամ այստեղ գտնվել: Վախենում եմ:”  Սրանք Զարուհի Պետրոսյանի սպանության  դատավարության համար կանչված վկաներից մեկի խոսքերն են` նրա համակուրսեցին, ով նաև մասնակցել է “Հասարակություն Առանց Բռնության” ՀԿ-ի ֆորումին Մասիս քաղաքում. ընդմիջման ժամանակ աղջիկները մոտեցան ու սկսեցին անկեղծ կիսվել իրենց վախերի, մտքերի մասին ու , թե Զարուհու ողբերգական կենսագրությունից հետո ինչքան զգուշավոր են մոտենում ամուսնության հարցին: Մեր թրեյնինգին մասնակցած աղջիկներից մեկն էլ իր ցանկությունը հայտնեց իրազեկված լինելու մասին,- “Ուզում եմ ինչքան հնարավոր է ինֆորմացված լինեմ, որ նման դեպքերից խուսափեմ:”

 

Վճռաբեկ դատարանը մերժել էր պաշտպանող կողմին դռնփակ դատավարություն անցկացնելու հայցը: Դատը հետաձգելու միտումով, երևի, հետո ամբաստանյալի փաստաբանը միջնորդություն հայտնեց դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու մասին, որը ևս մերժվեց անհրաժեշտ  հիմնավորումների բացակայության պատճառով: Դատավարության ընթացքում վկաները `Զարուհու հետ նույն քոլեջում սովորած աղջիկներն իրենց վկայությունները տվեցին: Բնական է, աղջիկները լարված ու հուզված էին: Սակայն այդ ընթացքում ամենատարօրինակը ամբաստանյալի  պաշտպանի վարքագիծն էր, ով հրաժարվեց հարցեր տալ, պահպանեկով միայն լռություն, անգամ չպատասխանելով դատավորի հարցին: Գլխի շարժումով նա նաև Յանիսին լռեցրեց, որ գոնե չասի”հարցեր չունեմ”: Յանիսի`ամբաստանյալի  եղբայրը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հրաժարվեց ցուցմունք տալ:

 

Մյուս վկաները, ովքեր չէին ներկայացել այսօրվա դատական նիստին (չնայած պատշաճ տեղեկացված լինելուն) դատարանի որոշմամբ և հաշվի առնելով կողմերի կարծիքը, որոշվեց հաջորդ նիստին` հուլիսի 4-ին բերման ենթարկել նրանց :

Վկաներից մեկն էլ, ով Զարուհու  հետ նույնպես սովորել է նույն քոլեջում, չափահաս այդ աղջկա հայրն էլ դատարանին նախապես տեղյակ էր պահել, որ չի թողնելու աղջկան դատարան ներկայանալ: Այսինքն, Մասիսում չափահաս  աղջիկները լիարժեք չեն օգտվում իրենց իրավունքներից ու դա սահմանափակվում է նրանց ծնողների կողմից:

Դատավարությանը ներկա էին նաև “Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության” կոալիցիայի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, Հայաստանում Ամերիկայի Դեսպանատան ներկայացուցիչներ:

“Նա շատ ուրախ աղջիկ էր, զվարթ: Նա միշտ թաքցնում էր ինչ է կատարվում իր ընտանիքում: Նա անպաշտպան էր, ծնողներ չուներ: “ Այսպես էին համակուրսեցիները հիշում Զարուհու մասին: Զարուհու սպանությունը և նրանց հետ մեր անցկացրած թրեյնինգը փոխել էր նրանց մտածելակերպը: Հիմա նրանք գիտակցում են, որ պետք է  ինֆորմացված լինել ու բարձրաձայնել բռնությունը: Ուզում եմ հավատալ, որ նրանք կյանքում ավելի համարձակ կլինեն ու կկարողանան ցանկացած հարցում ճիշտ ու լիարժեք օգտվել սեփական իրավունքներից ու ազատությունից:

Ամբողջ դատվարության ընթացքում , ինչպես նախորդ անգամ, ինձ մի բան էր հետաքրքրում.տեսնես ի՞նչ է մտածում Յանիս Սարկիսովը: Դե պարզ է, կաշին փրկելու համար դատարանում պետք է պաշտպանվի, բայց հոգու խորքում թեկուզ մի վայրկյան դատապարտե՞լ է ինքն իրեն, ցանկացե՞լ է երբևէ ժամանակը հետ տալ ու ամեն ինչ նորից սկսել, կերտել խաղաղ ու ջերմ ընտանիք: Երբ վկաները պատմում էին, թե Զարուհին իրենց ասել է, որ ամուսնու սերն իր հանդեպ մարել է, ու դա է պատճառը, որ ծեծում է, երեխային անտեսում է, Յանիսը քմծիծաղում էր, ու չհամաձայնվող մարդու ժեստեր ցույց տալիս: Մի պահ էլ որսացի հայացքը սառն էր, մի տեսակ թմրացած, նյարդայնացած ու շփոթված: Նրա մոտ դա բնական է, բայց այդ նույն վարքագիծն ուներ նաև նրան պաշտպանող փաստաբանը, ով  անգամ մինչև դատավարության սկսվելը, սկսել էր տեսախցիկներից ու լուսանկարչական սարքերից նյարդայնանալ:

Վերջում կուզենայի հիշել նաև միջքաղաքային երթուղայինի վարորդի խոսքը, ով իմացավ թե ինչու եմ գնում Մասիս, զարմացած հարցրցրեց.

-Բա կնոջ վրա ձեռք կբարձրացնե՞ն: Առանց այն էլ կինը ծեծված է:

Հայ կնոջ մասին մեր հայրենակից տղամարդկանց մոտ կարծիքը փոխելը, նրանց բռնի վարքագիծը փոխելը դա դա կարող են անել միայն հենց իրենք ` հայ կանայք . պետք է պարզապես իմանալ սեփական իրավունքներն ու պաշտպանել դրանք: Ախր, հենց այդ “ծեծված” կինը չէ, որ ծնում է առնական հերոսներ ու գիտնականներ: Կանայք, միայն մեր խոսքով ու գործով կարող ենք ապացուցել, որ ՄԵՆՔ ՀԱՎԱՍԱՐ ԵՆՔ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ:

 

Search

Follow us (AM)

Coming Events (AM)

No events found

© 2001-2016 Society Without Violence. All Rights Reserved.